Պոպուլիստական դիսկուրս. Նիկոլ Փաշինյան

25/01/2022 17:40

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի տեքստերի վերլուծության արդյունքները.

«Պոպուլիզմը Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի  և անկախ քաղաքական վերլուծաբան և քաղաքագետ էդգար Վարդանյանի կողմից:

Նիկոլ Փաշինյանի տեքստերում երբեմն նկատվում է երևույթները «սև-սպիտակի» տրամաբանության շրջանակներում դիտարկելու միտումը: Նրա տեքստերում հաճախ է տարբեր խնդիրների քննարկումը տեղի ունենում բարոյականության շրջանակներում, որտեղ առաջ է քաշվում այն գաղափարը, որ իր մոտեցումներն արդար են: Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր տեքստերում կարևորում է նաև բանավեճը, երկխոսությունը, տեսակետների տարբերությունը. «Այդ կոռումպացված համակարգը, բոլորին իրար հետ մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլյացիայի, որովհետև մեր թիկունքում, մեր մտքում և մեր սրտում կա միայն մի բան և այդ մի բանը ճշմարտությունն է, և մենք այդ ճշմարտության հետևից քայլելով ենք եկել, հասել այստեղ»: Այս մեջբերումը, որը բավականին տիպական է Նիկոլ Փաշինյանի տեքստերի համար, վերջինս հնչեցրել է խորհրդարանում ելույթ ունենալիս, երբ անդրադառնում էր իր և իր թիմակիցներին ուղղված նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից հնչող մեղադրանքներին: Նրա ամբողջական ելույթից երևում է, որ Փաշինյանը այդ մեղադրանքները համարում է լիովին կեղծ և հատուկ քաղաքական նպատակներով առաջ քաշված, իսկ դրանք ներկայացնող շրջանակներին դիտարկում է որպես «կոռումպացված համակարգ», «ճշմարտության» դեմ գնացող։ Դրանք, ըստ Փաշինյանի, ենթակա են միայն մեկ բանի՝ ամբողջական պարտության մատնվելու: Իրեն և իր թիմին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես «ճշմարտության» հետևից քայլողի:

Փաստացի, Փաշինյանը քաղաքական բնույթի խնդիրը դիտարկում է բարոյականության հարթությունում, բարու և չարի պայքարի խոսույթի շրջանակներում, որտեղ «չար ուժերը» դրանք նախկին իշխանությունների որոշակի շրջանակներն են, իսկ «բարի ուժերը» Նիկոլ Փաշինյանն ու ընդհանուր առմամբ կառավարող ուժն է, որը խոստանում է հաղթել «չար ուժերին», չեզոքացնել դրանց: «Մենք ամենևին այն կարծիքին չենք, որ ինչ որ մենք ասում ենք՝ բացարձակ ճշմարտություն է»: «Վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ, շատ լուրջ գաղափարական բախում»: «Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ քննադատությունը ռացիոնալ չի, անարդար է, ինքը ծայրից ծայր օգտակար է, որովհետև դաստիարակում է: Երեք օր այստեղ նստած լուռ լսել եմ ինչ-որ ասվել է՝ լավ կամ վատ: Այն, ինչ որ չի սպանում մեզ՝ ուժեղացնում է»:

Վերոնշյալ մեջբերումները, որոնք վարչապետի՝ խորհրդարանում ունեցած մեկ այլ ելույթից էին, օրինակ են այն բանի, որ Փաշինյանի հռետորաբանության մեջ վերոնշյալ խոսույթին զուգահեռ ընդգծվում է բանավեճի, գաղափարական տարաձայնությունների, քաղաքական հակառակորդների խոսքի նկատմամբ հարգանքը և ընդունում, որ կառավարող ուժը կարող է և սխալվել: Սակայն, հաշվի առնելով առաջին մեջբերման վերլուծությունը, կարող ենք ասել, որ նրա հռետորաբանությունում առկա է ընտրողական մոտեցում քաղաքական սուբյեկտների նկատմամբ, բացի այդ, ինչպես երևում է առաջին մեջբերումից, իրեն և իր ղեկավարած ուժին որպես «ճշմարտության հետևից գնացող» ներկայացնելով՝ նա այնուամենայնիվ ակնարկում է, որ, մեծ հաշվով, ինքն ու իր քաղաքական թիմը, թեև կարող են երբեմն սխալվել, բայց, մեծ մասամբ, ի տարբերություն իրենց հետ բանավիճողների, ճշմարիտ խոսք են արտաբերում:

Նիկոլ Փաշինյանի խոսքը հաճախ չափազանց էմոցիոնալ է և երբեմն ռազմատենչ ոճի մեջ է: Նրա խոսքին բնորոշ է կոնկրետ քաղաքական հակառակորդներին խիստ քննադատելը, որը սովորաբար իրականացվում է կոշտ բառերի և ծաղրական բնույթ ունեցող արտահայտու-թյունների կիրառմամբ: Միևնույն ժամանակ, հարկ է նաև նշել, որ, սովորաբար, այդպիսի քննադատության թիրախ են հանդիսանում ոչ բոլոր քաղաքական հակառակորդները, այլ այն ուժերը, որոնք, ըստ Փաշինյանի, հակադրվել են ժողովրդական հեղափոխությանը, ներքաշված են կոռուպցիայի մեջ, խոչընդոտում են ժողովրդավարական փոփոխությունները և այլն. «Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները և օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, և դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով»: «Ինչքան «քաղաքական դիակ» կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ»:

Նիկոլ Փաշինյանի տեքստերում ժողովուրդը հաճախ դիտարկվում է որպես համընդհանուր գիտակցություն, դիրքորոշում ունեցող սուբյեկտ. «Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ»: «Թույլ տվեք ասել, որ այս ամեն ինչի մեջ մեծ խորհուրդ կա, որ ահա այդ երեսնամյա քաղաքական էլիտայից ժողովուրդը պահանջեց իր հաշիվը»:

Նիկոլ Փաշինյանի տեքստերում հաճախ նշվում է, որ նա ունի ժողովրդի վստահությունը (ինչը պոպուլիստական հռետորաբանության տարր է) և որ իր խնդիրն է ժողովրդի կողմից լիազորված ծառայությունների մատուցումը: Սակայն նրա տեքստերում զուգահեռաբար նաև կարևորվում են ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտները, զսպումների և հակակշիռների համակարգը, բազմակարծությունը և այլն: «Մենք կառավարություն ենք, մենք իշխանություն չենք»: «Ես ինձ համարում եմ պարտավորված բոլորիդ առաջ, այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ և ոչ մի բանի առաջ չեմ կանգնի, քանի դեռ ժողովուրդը վստահում է ինձ, քանի դեռ ժողովուրդը լիազորում է ինձ՝ ծառայություններ մատուցել, ես այդ ծառայությունները կմատուցեմ ամբողջ ծավալով»: «Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ անձի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից»: «Ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչը հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմն է»: Թեև Նիկոլ Փաշինյանի տեքստերում առկա է այն միտքը, որ ժողովրդի դեմ հյուսվում են դավեր, սակայն, ըստ Փաշինյանի, դրանք ոչ թե ինչ-որ թաքնված «մութ» ուժեր են, այլ հասարակությանը հայտնի կոնկրետ քաղաքական և հանցավոր շրջանակներ, որոնք ցանկանում են խուսափել արդարադատությունից, պաշտպանել իրենց անօրինական սեփականությունը և այլն:

Փաշինյանի տեքստերում վառ ընդգծվում է ոչ բռնի, խաղաղ, դեմոկրատական միջոցներով հարցեր լուծելու մշակույթի ամրապնդման կարևորությունը: Սակայն, Փաշինյանի որոշ տեքստեր կարող են կասկած հարուցել, որ որոշակի պայմաններում, օրինակ` երբ իր կարծիքով, ժողովրդի իշխանությանը վտանգ է սպառնում, ապա նրա համար ընդունելի են ոչ բռնի, սակայն առերևույթ օրենքի խախտմամբ իրականացվող քայլեր, օրինակ՝ վարչապետի կոչով դատարանների շրջափակման ակցիայի իրականացում «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»: «Եթե որպես ակցիա արգելափակում ենք ինչ-որ շենքերի մուտքեր, ամեն ինչը պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ, և այս գործողություններում որևէ բռնություն, որևէ սադրանքի չարձագանքել, որևէ սադրանքի չտրվել»:

Հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ 

https://political.am/storage/uploads/files/Online_Version_Populizm-in_Armenia_Final_9June21.pdf