«Վրացական քաղաքական կոմպաս». ուսումնասիրություն
31/03/2026 13:51
«Վրաստանի քաղաքական դաշտը․ էլեկտորալ կոմպաս 2024» հետազոտությունը միտված է եղել վերլուծել Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված գաղափարախոսական թեզերը և տեղավորել հիմնական քաղաքական ուժերին քաղաքական կողմնացույցում։ Հարկ է նշել, որ վրացական կոմպասի աշխատանքներին ներգրավված են եղել բավականին մեծ թվով մասնագետներ․ առնվազն չորս հեղինակ մասնակցել են հրապարակված հետազոտության պատրաստմանը, իսկ մի քանի այլ մասնագետներ ներգրավված են եղել դրա առանձին փուլերում։ Հայկական նոր կողմնացույցը նախատեսվում է մշակել զգալիորեն ավելի քիչ մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ։
Վրացական կոմպասը, ինչպես նաև հայկականը, հիմնված է երկչափ մոդելի վրա՝ «աջ–ձախ» գաղափարախոսական առանցքի, որը տեղորոշում է սուբյեկտին սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ նրա մոտեցումների հիման վրա, և «պահպանողական–լիբերալ» առանցքի, որը տեղորոշում է սուբյեկտին սոցիալ-մշակութային և աշխարհայացքային հարցերի նկատմամբ նրա մոտեցումների հիման վրա։ Այս առումով, ինչպես վրացական, այնպես էլ հայկական կոմպասների մշակողները համակարծիք են, որ մեկ՝ «աջ–ձախ» առանցքը բավարար չէ սուբյեկտի սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային և աշխարհայացքային քաղաքական հայացքները ամբողջական ներկայացնելու համար։
Վրացական կոմպասում 32 հարցերը, որոնց պետք է պատասխանի թեստն անցնող սուբյեկտը, բաժանված են եղել հինգ թեմատիկ խմբերի՝ առողջապահություն և կրթություն, արդարադատություն, արտաքին քաղաքականություն և անվտանգություն, սոցիալական և բնապահպանական հարցեր, տնտեսական զարգացում։ Սա հետաքրքիր լուծում է, քանի որ թույլ է տալիս առավել համակարգված կերպով բացահայտել սուբյեկտների դիրքորոշումները տարբեր կոնկրետ ոլորտներում, և հատկապես կարող է գրավիչ լինել տարատեսակ ինֆոգրաֆիկաներ պատրաստելու համար։ Սակայն կարծում ենք, որ վերջնարդյունքի տեսանկյունից բնավ պարտադիր չէ, որ հարցերը հավասարաչափ բաժանվեն ըստ այդ խմբերի։ Հայկական կոմպասում նույնպես հաշվի են առնվել թեմատիկ խմբերը, սակայն դրանցով պայմանավորված առանձին վերլուծություն չի ներկայացվել։
Վրացական կոմպասը, ինչպես նաև հայկականը, նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ քաղաքական ուժերի գաղափարախոսական կողմնորոշումները բացահայտելու համար։ Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս հասկանալ, թե որ քաղաքական ուժերն են առավել մոտ իրենց դիրքորոշումներին։ Սակայն վրացական կոմպասի արդյունքները հրապարակվել են ընտրություններից հետո։ Մինչդեռ հայկական կոմպասը նախատեսվում է հրապարակել ընտրություններից առաջ, ինչը կարող է նպաստել ընտրողների ավելի տեղեկացված որոշումների կայացմանը։
Այնուամենայնիվ, Հայաստանի դեպքում պետք է նկատի ունենալ, որ քաղաքացիների ընտրությունը, հավանաբար, ավելի քիչ է պայմանավորվելու կուսակցությունների սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ դիրքորոշումներով, և ավելի մեծ դեր կարող են ունենալ կուսակցությունների աշխարհաքաղաքական մոտեցումները, նրանց վերաբերմունքը խաղաղության հարցին, ինչպես նաև կուսակցությունների առաջնորդների կենսագրությունն ու անհատական հատկանիշները։
Հայաստանում քաղաքական մրցակցությունը շարունակում է ձևավորվել առավելապես «նախկին–ներկա», «դեմոկրատիա–ավտորիտարիզմ», «պրոարևմտյան–պրոռուսական» առանցքներով։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ իշխող ուժից բացի դեռևս չեն ձևավորվել այլ կայուն և ուժեղ ժողովրդավարական այլընտրանքներ։ Միևնույն ժամանակ, հարաբերականորեն ազդեցիկ ընդդիմադիր ուժերը հաճախ ունենում են պրոռուսական և ավտորիտար մոտեցումներ, ինչը ընտրությունները վերածում է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ընտրության։
Միաժամանակ, սոցիոլոգիական հարցումները և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քաղաքացիների համար այսօր առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները։
Քաղաքական կոմպասում քաղաքական ուժերին ներգրավելու համար վրացական կոմպասի թիմը կիրառել է մի քանի չափանիշ՝ նախորդ ընտրություններում առնվազն 1% արդյունք, վերջին սոցիոլոգիական հարցումներում առնվազն 1% աջակցություն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացվածություն։
Այս մոտեցումը կարելի է համարել համեմատաբար արդարացված՝ հաշվի առնելով փոքր և անձնակենտրոն կուսակցությունների մեծ թիվը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պարագայում ՏԻՄ-ում ներկայացվածությունը որպես չափանիշ կիրառելը նպատակահարմար է միայն այն դեպքում, եթե տվյալ ուժը մասնակցել է նաև համապետական ընտրություններին, քանի որ տեղական մակարդակում հաճախ ձևավորվում են ժամանակավոր կամ նեղ տեղային կուսակցություններ։
Վրացական կոմպասը ուսումնասիրել է միայն կուսակցությունները, այլ ոչ թե դաշինքները, ինչը, մեր կարծիքով, հիմնավորված մոտեցում է։ Դաշինքները հաճախ ունենում են ժամանակավոր բնույթ և գաղափարախոսության տեսանկյունից ավելի ամորֆ են։ Հայկական կոմպասը 2021 թվականին որդեգրել էր նույն սկզբունքը, և նպատակահարմար է, որ նոր կոմպասը նույնպես առաջնորդվի այդ սկզբունքով։
Մեթոդաբանական տեսանկյունից կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ վրացական կոմպասը կիրառել է հոլանդական Kieskompas կազմակերպության մեթոդաբանությունը՝ ադապտացնելով այն տեղական պայմաններին։ Մինչդեռ հայկական կոմպասը մշակվել է բացառապես սեփական ուժերով։
Վրացական կոմպասի թիմը մշակել է հարցերը և ուսումնասիրել կուսակցությունների նյութերը։ Կուսակցությունների դիրքորոշումները որոշվել են ոչ միայն ծրագրերի, այլ նաև առաջնորդների ելույթների, հարցազրույցների և հանրային հայտարարությունների վերլուծության հիման վրա։ Ի դեպ, ուսումնասիրվել են նաև կուսակցությունների տարբեր առանցքային դեմքերի հայտարարությունները, և եթե միևնույն հարցի վերաբերյալ տարբեր գործիչներ ունեցել են տարբեր մոտեցումներ, ապա հիմք է ընդունվել այն գործչի դիրքորոշումը, որը ավելի բարձր դիրք է զբաղեցնում կուսակցության ներսում։
Թեև հարցաշարեր են ուղարկվել կուսակցություններին, դրանց պատասխանների մակարդակը եղել է չափազանց ցածր։ Վերջնական գնահատումը կատարվել է տարբեր աղբյուրների համադրությամբ։ Գնահատման ինդիկատոր է հանդիսացել հենց կոմպասի հարցաշարը։ Բնականաբար, բազմաթիվ հարցերի պատասխաններ հաճախ բաց են մնացել, քանի որ կուսակցությունները և նրանց առաջնորդները կարող են երբևէ չարտահայտած լինել իրենց մոտեցումները այդ հարցերի վերաբերյալ։
Կարծում ենք, որ նոր հայկական կոմպասում նույնպես նպատակահարմար է ուսումնասիրել ոչ միայն կուսակցությունների ծրագրերը, այլ նաև առաջնորդների հայտարարությունները, քանի որ հաճախ դրանցում ավելի շատ կոնցեպտուալ բովանդակություն է ներկայացվում, քան ծրագրերում։ Բացի այդ, որոշ քաղաքական ուժեր իրենց նախընտրական ծրագրերը հրապարակում են ընտրարշավի վերջում, ինչը կարող է դժվարացնել դրանց վերլուծությունը։ Իհարկե, այս պարագայում ևս հնարավոր է, որ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ մենք չունենանք կուսակցությունների մոտեցումները, հատկապես՝ սոցիալ-տնտեսական բնույթի որոշ հարցերի մասով։
Վրացական կոմպասում ներառված են նաև տեղային համատեքստին բնորոշ հարցեր, որոնք չեն կարող լինել ունիվերսալ։ Նման մոտեցում կիրառվել է նաև հայկական կոմպասում։ Սակայն կարևոր տարբերությունն այն է, որ վրացական կոմպասում աշխարհաքաղաքական կողմնորոշումը ներառված է որպես առանցքային չափում, մինչդեռ հայկական (նախորդ) կոմպասում այն բացակայում է։ Մեր կարծիքով, Հայաստանի պարագայում ևս անհրաժեշտ է ներմուծել այդ չափումը։
Այս տրամաբանությամբ՝ հայկական նոր կոմպասում նպատակահարմար է ներառել հարցեր, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Եվրամիությանը հնարավոր անդամակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։
Էդգար Վարդանյան