ՀՀ արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո

26/08/2020 11:07

 

«Կարևորի մասին» խորագրի ներքո Քաղաքական երկխոսություն կազմակերպությունը շարունակում է իրականացնել LIVE քննարկումների շարք:

Օգոստոսի 25-ին տեղի ունեցած հերթական քննարկման շրջանակում Ալիք Մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սոս Ավետիսյանը զրուցում էին «ՀՀ արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո» թեմայի շուրջ:

Քննարկումը բազմաշերտ էր, որի ընթացքում զրուցակիցները անդրադարձան հետևյալ հարցերին.

 

  • ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաիմաստավորմանը և խորացմանը

Պատգամավոր Սոս Ավետիսյանը նշեց, որ արտաքին քաղաքականության վեկտորների փոփոխության հարց չի դրվել, միևնույն ժամանակ, արևմուտքը ենթարկվել է որոշակի տրանսֆորմացիաների: Արժեքաբանական տեսանկյունից, իհարկե, արևմուտքը ավելի ժողովրդավար ու մարդու իրավունքների ոլորտում առաջավոր փորձ ունեցող երկրների հետ ավելի հեշտ է հարաբերվում, սակայն այլ օրինակներ ևս կան: Անվտանգության առումով,  հիմնական մեր համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ է, իսկ ռեֆորմների առումով դա CEPA-ն է (ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր):

  • ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու դրա վավերացմանը

Ալիք Մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը նշեց, որ ինքը թերի է գնահատում և լուրջ խնդիր է տեսնում վիզայի ազատականացման գործընթացում առաջընթաց չունենալը ու պատասխաններ է ակնկալում իր գործընկերներից: Ըստ Խառատյանի՝ հասկանալի է, որ խոշոր խաղացողներից Ֆրանսիան ոչ միայն Հայաստանի հետ վիզաների ազատականացմանն է դեմ, այլ ընդհանրապես որևէ նոր երկրի հետ նա միգրացիոն քաղաքականության խնդիր ունի, բայց միևնույն է, ինքը չի հասկանում թե ինչու այստեղ քաղաքական մակարդակում մենք պրոգրես չենք արձանագրում:

Սոս Ավետիսյանը ի պատասխան նշեց, որ, որքան ինքն է տեղյակ, Ֆրանսիացի գործընկերների հետ ամենաբարձր մակարդակում այդ հարցը քննարկվել է, այդուհանդերձ, վիզայի ազատականացման թեզում մեր կողմը դեռ աշխատանքներ ունի անելու: Բոլոր խաղացողների մոտ, այդ թվում ֆրանսիայի, հիմնական արգումենտը այն է եղել, որ Հայաստանը պետք է դիտարկվի որպես առանձին դեպք, որովհետև եղել են որոշակի չարաշահումներ:

  • ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դիրքերից

Արսեն Խառատյանը նշեց, որ Հայաստանը շահային տարածք է և՛ այդ խմբի համար և՛ այդ խումբը մեզ համար ու ռազմաքաղաքական տեսանկյունից մեր համագործակցությունը այդ տիրույթում է. ռեֆորմների օրակարգ չենք ակնկալում: Այժմ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն  ու դրա հետ պետք է հաշվի նստել: Հայաստանը մեկնարկել է մի գործընթաց, որը կառուցողական ճանապարհով փորձելու է իրականացնել քաղաքական այս սերնդափոխությունը: Սա չի նշանակում, որ Հայաստանը քաղաքական կուրս է փոխում կամ վերանայում է իր քաղաքականությունը այս տարածքում: Այստեղ հարցն այն է, որ այլևս մեր բարձրացրած հարցերն ու հարցադրումները ակնհայտ փոփոխված են ու դա իրողություն է: 

  • Ղարաբաղյան կարգավորման գործընթացից

Ըստ Սոս Ավետիսյանի՝ Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղան հետ բերելը դիվանագիտական նպատակ է և դրա շուրջ պետք է աշխատել: Սա նպատակ է, որի շուրջ աշխատանքներ տարվում են, սակայն ժամկետներից խոսել այս պահին դժվար է:

Արսեն Խառատյանն էլ նշեց, որ Ղարաբաղյան կարգավորման հետ կապված մի շարք հարցեր պետք է հստակեցվեն ու փաստացի բանակցային գործընթաց որպես էդպիսին՝ չկա: Իհարկե, ֆորմատը պահվում է, որոշակի խորհրդապահական խողովակներ գործում են, բայց բովանդակային առումով գործընթաց չկա: Մի բան է հստակ, որ նոր գործող քաղաքական իշխանության բանաձևերը այս հարցում երկուսն են՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի կոնսենսուսի արդյունքում, այսինքն, երբ ասվում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂՀ-ի ու Արդրբեջանի ժողովրդի համար, դա նույն կոնսենսուսն է, ուրիշ ոչ մի նոր բան այստեղ չկա:

  • Վարչապետ Փաշինյանի՝ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքից

Սոս Ավետիսյանը նշեց, որ գուցե սա ցավոտ արձանագրում է իրենց հեղափոխական ընկերների համար, բայց շնորհավորանքը ճիշտ ժամանակին էր: Պետք է հասկանալ, որ ընդհանուր հեղափոխության տրամաբանության մեջ շնորհավորանքները կարևոր են ու չկար դրա համար ավելի լավ ժամանակ:

Արսեն Խառատյանը ընդգծեց, որ շնորհավորելը իսկապես հապճեպ էր ու սխալ: Սա մեծ սխալ էր նախ Նիկոլ Փաշինյանի՝ որպես  միջազգայնորեն ընկալվող իրապես արժեքների վրա հենված հեղափոխական կերպարի և Հայաստանի համար: Ըստ Խառատյանի՝ մենք կարող էինք սահանափակվել ՀՀ նախագահի շնորհավորանքով, սպասել իրադարձությունների զարգացմանը, իսկ երկու օր անց Նիկոլ Փաշինյանը կարող էր հեռախոսազրույց ունենալ Լուկաշենկոյի հետ, մաղթել նրանց խաղաղ հանգուցալուծում՝ որպես տարբեր կառույցներում համագործակցող պետություն ու բարեկամական երկիր և սպասել հետագա զարգացումներին:

Զրույցին ամբողջությամբ կարող եք հետևել կազմակերպության ֆեյսբուքի էջում: